Ունիվերսալ հանճար․ ակնարկ ASUS ROG Zephyrus M16 2023 նոութբուքի մասին 

23 օգոստոսի, 2023  13:00

Բարակ, բարձր կատարողականություն ունեցող և խաղային կոմպակտ նոութբուքներն իրականություն են: ASUS ընկերությունը հերթական անգամ բարձր նշաձող է սահմանել խաղային տեխնիկայի ոլորտում՝ ներկայացնելով ROG Zephyrus շարքի նոր համալրումը՝ ROG Zephyrus M16 2023 (GU604)-ը:

M16-ը պատկանում է ROG Zephyrus շարքին, որը հայտնի է իր նրբագեղ և խաղային հզոր նոութբուքներով: Այս մոդելը ներառում է ամեն ինչ՝ 16 դյույմանոց Nebula HDR սենսոր, վերջին սերնդի պրոցեսոր և գրաֆիկական քարտ, հովացման նորարար համակարգ և բարձրակարգ կոնֆիգուրացիա:

NEWS.am Tech-ը ստորև կպատմի նոութբուքի եզակի առանձնահատկությունների մասին, որոնց շնորհիվ այն առանձնանում է մյուս մոդելներից։

Ունիվերսալություն նոր իմաստով

Նոութբուքի ունիվերսալությունը դուրս է գալիս տեսախաղերի սահմաններից: Իր կոմպակտ ձևի և թեթև քաշի շնորհվ M16-ը հիանալի ընտրանք է ամենօրյա առաջադրանքների համար, ինչն այն դարձնում է կատարյալ օգնական ուսանողների համար:

ROG Zephyrus M16-ը համապատասխանում է այս պահանջներին՝ օգտատերերին հնարավորություն տալով հասնել առավելագույն կատարողականության՝ արագ բազմաֆունկցիոնալ աշխատանքից մինչև ինտենսիվ ռեսուրսներ պահանջող ստեղծագործական աշխատանք:

Պրոֆեսիոնալ գունավերարտադրություն

ROG Zephyrus M16-ի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը դրա էկրանն է, որը հայտնի է որպես ROG Nebula: Այս էկրանն ունի գործարանային կալիբրացիա և Pantone հավաստագրում՝ լայն գունային գամմայով (100% DCI-P3) և Dolby Vision® տեխնոլոգիայի աջակցությամբ, ինչը գունավերարտադրության անթերի ճշգրտություն և վիզուալ վառ էֆեկտներ է ապահովում։

Ուսանողների համար, որոնք ստեղծագործական առարկաներ են ուսումնասիրում, ինչպիսիք են գրաֆիկական դիզայնը, լուսանկարչությունը և վիդեո մոնտաժը, M16-ի էկրանը ստեղծագործելու անսահման հնարավորություն կընձեռի:  

Մարտկոցի երկար աշխատանք 

ROG Zephyrus M16  2 (1).jpg (60 KB)

ROG Zephyrus M16-ի մեկ այլ տարբերակիչ առանձնահատկություն է դրա մարտկոցի աշխատանքի տպավորիչ տևողությունը․ մեկ լիցքավորումը բավարարում է մի ամբողջ օրվա աշխատանքի համար: Էներգաարդյունավետ բաղադրիչներն ու բարելավումները նոութբուքին հնարավորություն են տալիս հետ չմնալ ակտիվ ապրելակերպից՝ ապահովելով արդյունավետ աշխատանք՝ առանց մշտական ​​վերալիցքավորման անհրաժեշտության:

Կոնֆիգուրացիաներ յուրաքանչյուր ճաշակի համար

Բացի դրանից, ASUS-ն առաջարկում է ROG Zephyrus M16-ի կոնֆիգուրացիաների լայն տեսականի, ինչը օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել նոութբուք, որը լավագույնս է համապատասխանում իրենց կարիքներին և բյուջեին:

Արագագործ էկրան

Նոութբուքն ունի 16 դյույմանոց ROG Nebula HDR էկրան՝ 240 Հց թարմացման հաճախականությամբ և 3 մվ արձագանքման ժամանակով, ինչը երաշխավորում է պատկերի գերազանց որակ և խաղային սահուն փորձառություն:

Կոմպակտություն և դիզայն

Ընդամենը 19,9 մմ հաստությունն ու 2,1 կգ քաշը (մատրիցայով էկրանի տարբերակը՝ 2,3 կգ) նոութբուքն իսկապես դարձնում են շարժական հարթակ տանից կամ գրասենյակից դուրս աշխատանքի և ժամանցի համար:

Նոութբուքն ունի ROG AniMe Matrix™ մատրիցայով էկրան, որը բաղկացած է բազմաթիվ փոքր լուսադիոդներից, ինչը թույլ է տալիս ընդգծել նոութբուքի տիրոջ անհատականությունը:

Հզոր պրոցեսոր

M16-ն աշխատում է հզոր Intel Core i9-13900H պրոցեսորով: Ստանձնելով կոմպակտ շարժական համակարգիչների շարքում վստահելի առաջատարի դերը՝ այս պրոցեսորն ունի 14 միջուկ, այդ թվում՝ վեց բարձր կատարողականություն ապահովող և ութ էներգաարդյունավետ: Օգտագործելով իր մինչև 5,5 ԳՀց առավելագույն հաճախականությունը՝ այն համարձակորեն կարողանում է միաժամանակ ապահովել 20 հաշվողական հոսքուղիների աշխատանքը՝ օգտատիրոջն ընձեռելով այնպիսի հզորություն, որի մասին նախկինում երազել կարելի էր միայն։

Նորագույն գրաֆիկական քարտ

NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտով ROG Zephyrus M16 նոութբուքը անզուգական գրաֆիկական արտահայտչականության մարմնավորումն է: 120 Վտ ջերմափաթեթով (կամ 145 Վտ՝ Dynamic Boost տեխնոլոգիայով) այն ապահովում է հզորություն և կայունություն յուրաքանչյուր կադրում: Խաղերն ու հավելվածները, որոնք ժամանակին շատ ռեսուրսներ էին պահանջում, այժմ աշխատում են սահուն և անթերի՝ նոր հորիզոններ բացելով զվարճանքի և ստեղծագործության համար:

Հիշողության մեծ ծավալ

ROG Zephyrus M16-ը հիշողության ընդլայնման և տվյալների պահպանման իր բարելավված հնարավորություններով նոր մակարդակ է տեղափոխում խաղային փորձառությունը։ Այս նոութբուքը կարող է տպավորել իր բնութագրերով. մինչև 64 ԳԲ DDR5-4800 հիշողության առկայությունն ապահովում է տեղեկատվության սահուն և անխափան հոսքը՝ աշխատանքը և զվարճանքը դարձնելով սահուն և բավարարելով օգտատերերի ամենախիստ պահանջները։

Մինչև 2 ՏԲ հզորությամբ կուտակիչը ձեր տվյալները պահելու համար իսկական զինանոց է: PCIe Gen4 բարձր արագագործության ռեժիմի աջակցությամբ այն կոտրում է սովորական արագության վերաբերյալ կաղապարները և ընդմիշտ փոխում տեղեկատվության հետ աշխատելու մասին կարծիքը:

Օպտիմիզացված էներգասպառում

Էկրանի ներկառուցված մուլտիպլեքսորը և NVIDIA Advanced Optimus տեխնոլոգիան ավտոմատ կերպով փոխում են գրաֆիկական քարտի աշխատանքային ռեժիմը ցանցին միացած ժամանակ տեսախաղերում գրաֆիկական լավագույն կատարողականության և ավտոնոմ ռեժիմում էներգիայի սպառման օպտիմալացման հասնելու համար:

Գրաֆիկական պրոցեսորների հասանելի տարբերակներ

2023-ին նոութբուքի թարմացված տարբերակը թողարկվում է նաև նոութբուքների համար նախատեսված GeForce RTX 4080 կամ 4070 գրաֆիկական պրոցեսորներով։ Սրանք ավելի ծախսարդյունավետ տարբերակներ են, որոնք ավելի շատ խաղացողների են հնարավորություն տալիս զգալու RTX տեխնոլոգիայի առավելությունները:

 ROG Zephyrus M16  2 (2).jpg (65 KB)

Հովացման համակարգ

Նոութբուքի հովացման նոր կոնցեպտը նախատեսված է բավարարելու համար ոչ միայն խաղացողների, այլև նրանց կարիքները, ովքեր աշխատում են մեդիա բովանդակության հետ՝ ջերմային խնդիրները նվազագույնի հասցնելու պարագայում ապահովելով գերազանց կատարողականություն:

Zephyrus M16-ն ստացել է հովացման առաջադեմ համակարգ՝ երեք օդափոխիչով և մեկ ռադիատորով, ինչն ապահովում է հիմնական բաղադրիչների արդյունավետ հովացումը։ Ավելացված ջերմափաթեթը թույլ է տալիս լիովին բացահայտել Intel Core i9-13900H պրոցեսորի և NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտի հնարավորությունները։

Հովացման նոր համակարգի հիմնական տարրը Arc Flow նորարարական օդափոխիչներն են, որոնք ապահովում են օդի հզոր հոսք՝ առաջացնելով նվազագույն աղմուկ: Դիզայնի և տեխնոլոգիայի հաջող համադրությունը նույնիսկ M16-ի բարակ կորպուսում է ցածր ջերմաստիճան ապահովում բաղադրիչների աշխատանքի համար: Իսկ ինքնամաքրման համակարգի շնորհիվ փոշու առաջացումը և սառեցման արդյունավետության նվազեցման խնդիրներն արդեն մնում են անցյալում։

Տեխնիկական բնութագրեր․ ASUS ROG Zephyrus M16 (2023)

Պրոցեսոր

13-րդ սերնդի Intel® Core™ i9-13900H՝ առավելագույն կոմպլեկտացիայով

Գրաֆիկա

16 ԳԲ GDDR6 VRAM-ով NVIDIA® GeForce RTX™ 4090 նոութբուքի գրաֆիկական քարտ՝ առավելագույն կոմպլեկտացիայով

Ջերմափաթեթ՝ 120 Վտ (145 Վտ Dynamic Boost տեխնոլոգիայով)

Օպերացիոն համակարգ

Windows 11

Էկրան

16 դյույմ ROG Nebula HDR էկրան՝ QHD+ (2560 x 1600), 240 Հց/3 մվ, 100% DCI-P3, Mini-LED հետին լուսավորություն, G-SYNC, Dolby Vision աջակցություն, PANTONE Validated վավերացում։

16 դյույմ ROG Nebula էկրան՝ QHD+ (2560 x 1600), 240 Հց/3 մվ, 100% DCI-P3, IPS մատրիցա, G-SYNC, Dolby Vision աջակցություն, PANTONE Validated վավերացում։

Օպերատիվ հիշողություն

Մինչև 64 ԳԲ DDR5-4800 ՄՀց մոդուլներում (2 x SO-DIMM)

Ներկառուցված հիշողություն

PCIe® 4.0 ինտերֆեյսով մինչև 2 ՏԲ հզորությամբ կուտակիչ

Ստեղնաշար

Մեմբրանային՝ հետին լուսավորությամբ

RGB կամ սպիտակ հետին լուսավորությամբ (մեկ գոտի) Aura Sync տեխնոլոգիայի աջակցությամբ

Աուդիո համակարգ

Չորս ցածր հաճախականության բարձրախոս

Երկու բարձր հաճախականության բարձրախոս

Dolby Atmos տեխնոլոգիա

Hi-Res Audio աջակցություն

Աղմուկի նվազեցման երկկողմ խելացի համակարգ

WiFi / Bluetooth

WiFi 6E (802.11ax) 

Bluetooth® v5.2

Մուտքի/ելքի պորտեր

Մեկ USB 3.2 Gen2 Type-A

Մեկ USB Type-C® Thunderbolt 4, DisplayPort 1.4 ինտերֆեյսի աջակցությամբ և Power Delivery 3.0 ֆունկցիայով

Մեկ USB 3.2 Gen2 Type-C® DisplayPort 1.4-ի աջակցությամբ և Power Delivery 3.0 ֆունկցիայով

Մեկ HDMI® 2.1

Մեկ 3,5-մմ աուդիո խցիկ

Մեկ microSD քարտի բնիկ (UHS-II)

Մեկ էլեկտրասնուցման միակցիչ

Մեկ Kensington կողպեքի բնիկ

Մարտկոց

90 Վտ/ժ

Չափեր

Ստանդարտ տարբերակ՝ 355 x 246,5 x 19,9 ~ 22,3 մմ

AniMe Matrix էկրանով տարբերակ՝ 355 x 246,5 x 21,1 ~ 22,9 մմ

Քաշ

2,1 կգ

2,3 կգ (AniMe Matrix էկրանով տարբերակ)

Եզրափակիչ մտքեր

ROG Zephyrus M16 2023 (GU604)-ը խաղային նոութբուքների սահմաններն ընդլայնելու հարցում ASUS ընկերության հանձնառության իսկական մարմնացումն է:

Ունիվերսալություն, բարձր կատարողականություն, նրբագեղ դիզայն, ROG Nebula վառ էկրան և մարտկոցի երկար աշխատանք. այս նոութբուքն ունի այս ամենը։


 
 
 
 
  • Արխիվ